«Իրերի համացանցն» ավարտեց եւս 15 աշակերտ

«Իրերի համացանց» դասընթացը Վանաձորում մեկտեղել էր 15 աշակերտների։

«Ծանոթացել եմ այն ամենին, ինչն ինձ հետաքրքրում էր, բայց հանելուկ էր՝ մինչեւ այս դասընթացը։ Հիմա գիտեմ՝ Arduino սարքավորման շնորհիվ հնարավոր է շատ գործողություններ կատարել։ Իսկ որ մեր սովորածը շատ հետաքրքիր է ու կարեւոր բոլորիս համար՝ առանց ասելու էլ պարզ է»,- նշել է Ալիկ Սարգսյանը՝ ավարտական վկայականների հանձնման արարողությանը՝ մայիսի 1-ին, Վանաձորում։

«Իրերի համացանց» երկամսյա դասընթացը ինտերնետից օգտվելու եւ ծրագրավորման արդիական գիտելիք ստանալու ու հմտություններ զարգացնելու հնարավորություն է՝ 14-18 տարեկանների համար։

Մարիամ Տեր-Պետրոսյանը պատմել է. «Տեղեկացա արհեստական բանականությամբ կառավարվող սարքերի մասին։ Ավելի լավ պատկերացրի մեդիագրագիտության կարեւորությունը։ Համակարգչով ավելի հմուտ աշխատել սովորեցի եւ կարողացա ստեղծել լուսադիոդ, կառավարել այն տարբեր ձեւերով»։

«Smart City» ՀԿ նախագահ Կարեն Երզնկանյանի կարծիքով՝ կա գործնական արդյունք. «Իրերի համացանցն» արդեն անցկացրել ենք Երեւանում, Հրազդանում, Վանաձորում ավարտեցինք, Գորիսում դեռ ընթանում է, Գյումիում մեկնարկել է։ Յուրաքանչյուր հաջորդ քաղաքում դիմողների թիվն աճեց՝ Երեւանում մասնակիցները 10-ն էին, Գյումրիում դիմել է ավելի քան 60 աշակերտ»։

«Իրերի համացանցը» ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Smart City» ՀԿ-ների հետ համագործակցությամբ՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ: