Պարգեւատրվեցին Smart լավագույն լուծումները

Թվային ինտերակտիվ քարտեզ, օդի բաղադրությունը ճշտող թռչնաբույն, AI-ով գործող ձայնային օգնական-զբոսավար, հեռակարվարվող խելացի ջերմոցներ եւ այլ Smart՝ խելացի լուծումներ են առաջարկվել Երեւանի բուսաբանական այգու կառավարումը թվայնացնելու եւ ավելի արդյունավետ դարձնելու համար։

Smart լուծումները մշակել են մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցականներից, ուսանողներից ձեւավորված 10 թիմերը՝ «Smart Botanic. խելացի լուծումներ Երեւանի բուսաբանական այգում» հաքաթոնի շրջանակում։

Փակման հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր՝ նոյեմբերի 21-ին։ Մասնագիտական ժյուրին, դիտարկելով ներկայացված լուծումները, ընդգծեց դրանց կարեւորությունը եւ որոշների լրացուցիչ մշակման անհրաժեշտությունը։

Առաջարկված Smart ջերմոցները հողի խոնավությունը, օդի ջերմությունը որոշող, լուսավորության եւ ոռոգման ու ջեռուցման ինքնակառավարվող համակարգերով գործող մոդելներ են։ Դրանք հնարավորություն են տալիս յուրաքանչյուր բուսատեսակի համար անհրաժեշտ պայմաններն ապահովել հեռակառավարմամբ եւ ավտոմատացված։

Թվային ինտերակտիվ քարտեզն այգու յուրաքանչյուր բույսի տվայլ պահի դրությամբ առկայությունն ու վիճակը ճշտելու եւ անվտանգությունն ապահովելու գործիք է։

Հրդեհների կանխման արդյունավետ միջոց կարող է դառնալ օդի բաղադրությունը ճշտող սարքը, որը թռչնաբույնի տեսք ունի, ինչի շնորհիվ կարող է չխանգարել նաեւ այգու թեւավոր բնակիչներին։

Առաջարկված Smart լուծումներից լավագույնը ճանաչվեցին եւ դրամական պարգեւների արժանացան երեք թիմերի աշխատանքները։

Առաջին մրցանակը Պետրոս Պարոնյանի եւ Հայկ Ասոյանի՝ հեռահար դիտորդման եւ ավտոմատ կառավարման համակարգինն էր, երկրորդը՝ AGreen թիմինը՝ թվային ինտերակտիվ քարտեզի համար, երրորդը՝ Smart Tree թիմինը՝ օդի բաղադրությունը ճշտող թռչնաբույն նախագծի համար։

«Այս միջոցառումը կարեւոր է նախ՝ որպես IOT -ում մեր երիտասարդների ուժերը փորձելու հնարավորություն։ Արդյունքը նպատակային կիրառություն կարող է դառնալ Երեւանի բուսաբանական այգում, ինչի ուղղությամբ մեր կազմակերպությունը կաշխատի։ Ի վերջո՝ Հայաստանի զարգացման հաստատուն ուղին ՏՏ ոլորտն է»,- նշել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

Հաքաթոնը կազմակերպել էին «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Smart City համայնքների զարգացման նորարական կենտրոն» ՀԿ-ները, Իրերի համացանցի հատուկ հետաքրքրության խումբը (Internet Society IOT SIG) եւ Երեւանի բուսաբանական այգին։