.am-ի լրացուցիչ անվտանգությունը՝ DNSSEC

Աշխարհում ազգային դոմենային տիրույթների ընդամենը 64%-ն է ապահովում DNSSEC։ Հայաստանի ազգային դոմենը՝ .am-ը այդ թվում է։

Հավելյալ անվտանգության այս համակարգի շնորհիվ .am տիրույթում կանխվում է կեղծ DNS տվյալների նույնականցումը եւ թրաֆիքի վերահասցեագրումը։

Այն կանխում է կեղծ կայքերի գործունեությունը, զերծ պահում օգտահաշիվները հարձակումներից, նպաստում է համացանցի ընդհանուր անվտանգության մակարդակի բարձրացմանը։

DNS-ը տառանշաններով գրանցված դոմենային անունները, օրինակ՝ isoc.am, վերափոխում է համակարգչային համարների կամ IP հասցեների։ Այդ կերպ հնարավոր է դառնում DNS որոնումը, որից սկսվում է համացանցային յուրաքանչյուր հաղորդակցություն։

DNSSEC-ը տվյալների վստահելի աղբյուրները ճշտող եւ համաշխարհային համացանցի անվտանգությունն ապահովող գործիք է։ Մշակվել է անվտանգության լրացուցիչ մակարդակ ապահովելու համար։ Կիրառվում է դոմենային անունների համակարգի (DNS) տեղեկությունների իսկությունը հաստատելու, դրանց գաղտնալսումը եւ թրաֆիքի վերահասցեագրումը բացառելու նպատակով։