Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիան՝ ICANN-ը, կարևորում է համացանցի զարգացման, փորձի փոխանակման, տեխնոլոգիական մարտահրավերների հստակեցման ու համատեղ լուծումներ մշակելու հարթակները, ինչպիսին է Ինտերնետ կառավարման հայատանյան համաժողովը՝ ArmIGF-ը։
Երևանում կայացած ArmIGF2025 համաժողովում այս մասին խոսեց ICANN-ի Եվրոպայի կառավարիչ տնօրեն և շահագրգիռ կողմերի հետ կապերի գծով փոխնախագահ Քրիստոֆեր Մոնդինին՝ ընդգծելով Հայաստանի ինտերնետ համայնքի ներուժը, համագործակցային ոգին և գլոբալ ինտերնետի կառավարման գործընթացում երկրի նշանակալի տեղը։
«Չեմ կարծում, որ հանդիպել եմ այնպիսի ինտերնետ համայնքի, որն այնքան բազմաշերտ է, որքան այստեղ։ Սա մարդկային վստահության հազվադեպ դրսևորում է, որն ակնհայտ է Հայաստանում», – նշեց Մոնդինին։
Թեև ինտերնետն այսօր միավորում է ավելի քան 5 միլիարդ մարդ, սակայն շուրջ 2.6 միլիարդ մարդ դեռևս զրկված է համացանցի հասանելիությունից, և այդ թվի կրճատումը, ըստ ICANN-ի ներկայացուցչի, շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավեր։
«Չենք կարող խոսել տեխնոլոգիական առաջընթացից, երբ միլիարդավոր մարդիկ դեռ դուրս են թվային աշխարհի շրջանակներից։ Ինտերնետը պետք է լինի հասանելի բոլորի համար», — ընդգծեց բանախոսը։
Մոնդինին անդրադարձավ նաև Հայաստանի թվային ներուժին, նշելով, որ երկիրը փոքր լինելով հանդերձ՝ կարող է դառնալ տարածաշրջանային առաջընթացի օրինակ։
«Հայաստանը ոչ միայն հետևում է տեխնոլոգիական առաջընթացին, այլև ակտիվորեն ձևավորում է այն։ Ձեր հասարակությունը բաց է աշխարհի առաջ, համագործակցային է և նորարար։ Գիտեմ, թե որքան կարևոր է ձեզ համար հայերեն տառերի ներառումը դոմենային համակարգերում և թե որքան գործ է արվել այդ ուղղությամբ։ Սա ոչ միայն մշակութային ինքնության պահպանման հարց է, այլև ներդրում՝ բազմալեզու ինտերնետի զարգացման գործում», – ասել է Մոնդինին։
Անդրադառնալով DNS համակարգերում կիբեռանվտանգության և զեղծարարությունների կանխմանն ուղղված ICANN-ի ծրագրերին, ինչպես նաև միջազգային համագործակցության խորացմանը՝ Քրիստոֆեր Մոնդինին ամփոփեց իր խոսքը.
«Հայաստան այցս շատ կարևոր եմ համարում, որովհետև տեսնում եմ երկիր, որը բաց է աշխարհի առաջ և համագործակցության համար։ Այստեղ արդեն կան լավագույն փորձի կիրառման հիմքեր, և մենք կարող ենք օգնել դրանց ինստիտուցիոնալ ամրապնդմանը։ Սա այն ուղին է, որով կարող ենք կառուցել վստահության վրա հիմնված թվային ապագա»։