Թվային աշխարհում արժույթը թվային է, դրամապանակը՝ առցանց, գործարքներն ու փոխանցումներն՝ արագ, առանց ժամային գոտիների և աշխարհագական սահմանափակումների։
Այս մասին խոսվեց նոյեմբերի 20-ին Երևանում կայացած Ինտերնետ կառավարման հայաստանյան երիտասարդական համաժողովում՝ YouthIGF Armenia – ում։
«Թվային ֆինանսներ․ ռիսկեր և հնարավորություններ» խորագրով YouthIGF Armenia2025 համաժողովը նախաձեռնել էին «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ները։
«Մեր խնդիրը երիտասարդների համար ինտերնետ կառավարման գլոբալ գործընթացները խորությամբ հասկանալու և դրանց ձևավորմանն ու զարգացմանը մասնակցելու միջավայր ստեղծելն է», – նշեց YouthIGF Armenia -ի համակարգող Ելենա Հարությունյանը։
Փորձագետները ներկայացրեցին թվային ֆինանսական ծառայությունների զարգացումները, ստեղծվող նոր հնարավորությունները և դրանց հետ զուգորդվող կիբեռանվտանգության մարտահրավերները, որոնք առաջ են գալիս նոր թվային միջավայրում։ Բանախոսներն անդրադարձան չորս հիմնական թեմայի.
- «Քո ֆինանսները՝ քո հեռախոսում․ թվային բանկեր և դրամապանակներ» – բանախոս՝ Արմեն Վիրաբյան, Easy Pay-ի ֆինանսական գծով տնօրեն,
- «Թվային արժույթներ. կրիպտո՝ նոր փողի նոր աշխարհը» – բանախոս՝ Էդուարդ Ավետիսյան, «Բիթքոին Արմենիա» ընկերության հիմնադիր,
- «Կիբեռանվտանգություն թվային ֆինանսներում․ պաշտպանվելով նոր սպառնալիքներից» – բանախոս՝ Վիգեն Առուշանյան, Coinplus կրիպտո դրամապանակի հիմնադիր,
- «Ժամանակ հատկացրեք ձեր լավագույն ներդրողներին» – բանախոս՝ Գուրգեն Այվազյան, Ամերիաբանկի ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան ։
Համաժողովին մասնակցեց ավելի քան 70 ուսանող՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի եվրոպական, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարաններից և Արարատի պետական բժշկական ու Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջներից։