Հայաստանում բոլոր բնակավայրերն այսօր ունեն շարժական 4G ինտերնետի հասանելիություն՝ առնվազն մեկ օպերատորի սպասարկմամբ։ Այս մասին խոսեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը՝ Ինտերնետ կառավաման հայաստանյան 10-րդ համաժողովում (ArmIGF2025)։
«Առանց պետության սահմանած պարտադիր ծածկույթի պահանջների, բիզնեսը կսահմանափակվեր միայն առավել բնակեցված տարածքներով։ Պետական քաղաքականության և մրցութային մեխանիզմների շնորհիվ այսօր կապ կա անգամ այն 35 բնակավայրերում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, բնակիչ չկա», – նշեց Հունանյանը։ Նա ներկայացրեց մի շարք տվյալներ Հայաստանում ինտերնետ ծածկույթի մասին, մասնավորապես՝
- 80% բնակավայրերում առնվազն մեկ օպերատոր ապահովում է շարժական ինտերնետ,
- 93% բնակավայրերում հասանելի է երկու օպերատորի ծածկույթ,
- 80% բնակավայրերում, որտեղ ապրում է բնակչության 80%-ը, տարեվերջին ակնկալվում է, որ կապ կտրամադրի երեք օպերատոր։
Հունանյանը շեշտեց, որ պետության դերը չի սահմանափակվում մրցակցության խթանմամբ․ այն նաև պետք է ապահովի կապի հասանելիություն այն վայրերում, որտեղ բիզնես գործոնն արդյունավետ չէ։ Այդ նպատակով կիրառվել են լիցենզիոն վճարների նվազեցում, վարչարարական ընթացակարգերի պարզեցում, տեխնիկական խթանման և այլ ծրագրեր։
«Ենթակառուցվածքը ստեղծելը մի խնդիր է, մեկ այլ՝ դրա շարունակական զարգացումն ու վերազինումը։ Թվայնացման առաջընթացը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ ենթակառուցվածքը լիարժեքորեն օգտագործվում է՝ թվային գործիքների և ծառայությունների զարգացման միջոցով», – ընդգծեց նա։
Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնը, որը գործում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ, վերազինվել է և իրականացնում է եթերի մոնիթորինգ ու կապի որակի վերահսկողություն։