Տարեցների թվային հմտությունների զարգացման մեկամսյա դասընթացի ավարտական միջոցառումը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին։ 60+ տարիքի 25 մասնակից ստացավ ավարտական վկայականներ։
Ամփոփելով արդյունքները՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը նշեց, որ տարեցների թվային գրագիտությունն այսօր սոցիալական ապահովության կարևոր բաղադրիչ է։ Շատ սոցիալական ծառայություններ այժմ տեղափոխվել են առցանց հարթակներ, ու դրանց մասին տեղեկություններ ստանալու, մաս կազմելու համար նման գիտելիքն ու հմտությունները չափազանց կարևոր են։ Ավագ սերնդի ներկայացուցիչները սովորել են նաև առօրյան հեշտացնող շատ հմտություններ, ծանոթացել հավելվածներին, արհետական բանականության հնարավորություններին։
Ավարտական արարողությանը իրենց մեծ գոհունակությունը հայտնեցին նաև ծրագրի մասնակից ավագ սերնդի ներկայացուցիչները։ Հմտությունները, որ նրանք ստացել են, իրենց իսկ գնահատմամբ, չափազանց օգտակար և կիրառելի են։ Այժմ կարող են առցանց հետևել տրանսպորտի շարժին և կանգառում երկար չկանգնել, տաքսի պատվիրել միանգամից մի քանի հասցեներում, առաքում պատվիրել և այլն։ Կարևոր էին նաև կիբեռանվտանգության դասերը, որոնք կօգնեն խուսափել առցանց վտանգներից։
«Այսպիսի ծրագրերով նոր սոցիալական և ինտելեկտուալ հնարավորություններ ենք հասանելի դարձնում ավագ սերնդին՝ խթանելով թվային տիրույթում նրանց անվտանգությունը», – ընդգծեց «Ինտերնետ hանրություն» ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։
Դասընթացները կազմակերպվում են «Թվային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն՝ «Ինտերնետ hանրություն» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ «Թվային ժողովրդավարություն բոլորի համար» նախաձեռնության ներքո: