Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը՝ ArmSIG-2022 կազմակերպվում է երկու փուլով եւ հիբրիդային ձեւաչափով։
Առաջին՝ առցանց փուլը կմեկնարկի օգոստոսի 16-ին։ Այն կտեւի 2 շաբաթ։ Յուրաքանչյուր շաբաթ տեղի կունենա 2-ական առցանց քննարկում, տեւողությունը 2 ժամ։
Երկրորդ՝ առկա փուլը նախանշված է սեպտեմբերի 7-9-ը։ Դասընթացները տեղի կունենան Երեւանում, օրական 3-4 ժամ տեւողությամբ։
ArmSIG-2022–ը բաց է շահառու տարբեր խմբերի ներկայացուցիչների համար՝ առանց մասնագիտական կամ տարիքային սահմանափակման (16+):
Ինտերնետ կառավարման հայկական դպրոցում ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներն ու փորձագետները Հայաստանից եւ արտերկրից կանդրադառնան ինտերնետ էկոհամակարգին, դոմենային անունների համակարգին, մեդիա եւ թվային գրագիտությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, հեղինակային իրավունքին, սոցիալական ցանցերում անվտանգությանն ու պաշտպանության խնդիրներին եւ հնարավորություններին։
«Ինտերնետ հանրությունը», կազմակերպելով ArmSIG-ը, փորձում է առավել հասանելի դարձնել տարածաշրջանային ու համաշխարհային ինտերնետ կառավարման գործընթացներին արդյունավետ մասնակցության համար անհրաժեշտ գիտելիքն ու հմտությունները։