Ջրի ծորակը բացելիս, լիցքավորիչը վարդակին միացնելիս կամ ինտերնետից օգտվելիս հազվադեպ ենք մտածում, որ մեր առօրյան կախված է տարբեր համակարգերի անխափան աշխատանքից։ Դրանից որոշները համարվում են կրիտիկական ենթակառուցվածքներ են, քանի որ դրանց խափանումն ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն անհատների կյանքի, այլև տնտեսության, հանրային անվտանգության և պետության կառավարման վրա։
Կրիտիկական ենթակառուցվածքներ են համարվում այն համակարգերը, սարքավորումները և ծառայությունները, որոնք կենսական նշանակություն ունեն հասարակության բնականոն գործունեության համար։ Դրանց շարքին են դասվում էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, տրանսպորտի, առողջապահության, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ համակարգեր։
Թվային դարաշրջանում առանձնահատուկ նշանակություն ունեն նաև ինտերնետ հասանելիությունը, դոմենային անունների համակարգը (DNS), պետական էլեկտրոնային ծառայությունները և այլն։
Այս համակարգերի կարևորությունը պայմանավորված է դրանց փոխկապակցվածությամբ։ Էլեկտրամատակարարման խափանումը կարող է ազդել կապի և ջրամատակարարման ծառայությունների վրա, իսկ տեղեկատվական համակարգի աշխատանքը խաթարող կիբեռհարձակումը՝ պետական ծառայությունների հասանելիության, ֆինանսական գործարքների կամ հաղորդակցության վրա։ Հետևաբար, ենթակառուցվածքի անվտանգությունը տեխնիկականից բացի նաև ազգային անվտանգության խնդիր է։
Կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը ենթադրում է ոչ միայն հնարավոր խափանումների և հարձակումների կանխարգելում, այլև դրանց արագ հայտնաբերում, հետևանքների նվազեցում և ծառայությունների վերականգնում։ Թվարկվածն իրականացնելու համար անհարժեշտ են ռիսկերի գնահատում, տեխնիկական համակարգերի արդիականացում, անվտանգության կանոնների պահպանում, մասնագետների պատրաստում և արտակարգ իրավիճակներին արձագանքելու հստակ ընթացակարգեր։ Մեծ կարևորություն ունի նաև համակարգերի դիմակայության ապահովումը՝ վտանգների կամ խափանումների պայմաններում ծառայությունների մատուցումը կամ արագ վերականգումը։