Հայաստանի համայնքային գրադարանների զարգացումն «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նախաձեռնած տարբեր ծրագրերի շրջանակում շարունակվում է։
Գրադարանները ինտերնետ հասանելիության կենտրոնների վերածելու, այցելուների համար ավելի գրավիչ ու հասանելի դարձնելու տեսլականին հասնելու նպատակով գրադարաններին տրամադրվում են համակարգչային տեխնիկա, ապահովվում է Wi-Fi կապ և ինտերնետ հասանելիություն։ Տեխնիկական վերազինմանը զուգահեռ, գրադարանների աշխատակիցները վերապատրաստվում են՝ նոր թվային գործիքներն ու ֆոնդերի կառավարման համակարգերը գործնականում կիրառելու համար։
Հայաստանի մարզային գրադարանների վերազինման միջոցով ձևավորվող ինտերնետ հասանելիության կենտրոնները կարող են դառնալ համայնքային թվային կյանքի կարևոր օղակներ՝ մեկ տարածքում միավորելով կրթությունը, տեխնոլոգիան և համայնքային ծառայությունները։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի ծրագրերի շրջանակում արդեն իսկ ներգրավվել են 6՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռիի, Սյունիքի մարզերի և Երևանի շուրջ 65 գրադարաններ։
Այս ծրագրերի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև գրադարանային համակարգում տեղի ունեցող փոփոխություններով։ Եթե 2018-ին Հայաստանում գործում էր 648 հանրային գրադարան, ապա 2024-ին դրանց թիվը նվազել էր՝ հասնելով 480-ի։ Մինչդեռ, հատկապես մարզային համայնքներում գրադարանը կարող է լինել այն վայրը, որտեղ հնարավոր է ոչ միայն տպագիր նյութերից, գրքերից, այլև ինտերնետից, թվային ծառայություններից օգտվել և նոր հմտություններ ձեռք բերել։
Այս պահին Սյունիքի մարզի 24 գրադարանում աշխատանքներն ընթացքի մեջ են, որի շրջանակում մարզի մի շարք գրադարններ ինտերնետ հասանելիություն են ստացել առաջին անգամ։