Երևանում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Ինտերնետ կառավարման հայաստանյան 11-րդ համաժողովը՝ ArmIGF2026-ը, որի խորագիրն էր «AI՝ նորարարությունից մինչև պատասխանատու կառավարում»։ Մասնակցում էին պետական կառույցների, մասնավոր հատվածի, տեխնիկական համայնքի, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Համաժողովը կազմակերպել էին «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները՝ «ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի նախաձեռնությամբ։
Միջազգային գործընկեր կազմակերպությունների՝ Ինտերնետի կառավարման համաշխարհային համաժողովի (IGF), գլոբալ «Ինտերնետ հասարակության», «Ինտերնետ հասարակության» հիմնադրամի, IGFSA գործադիր կոմիտեի, ICANN-ի, RIPE NCC-ի և .RU/.РФ դոմենային գոտիների համակարգման կենտրոնի ներկայացուցիչները ողջունել են ArmIGF2026-ի կազմակերպիչներին ու մասնակիցներին։
Իրենց ուղերձներում նրանք կարևորել են ինտերնետի կառավարման բազմաշահառու մոդելը և դրա արդյունավետ կիրառումը Հայաստանում՝ ընդգծելով, որ ազգային հարթակները հնարավորություն են տալիս ոչ միայն մասնակցելու գլոբալ քննարկումներին, այլև միջազգային օրակարգում ներկայացնելու տեղական խնդիրներն ու առաջնահերթությունները։ Գործընկերներն անդրադարձել են ArmIGF-ի անցած 11 տարիների աշխատանքին, Հայաստանի ներկայությանն ու ներդրմանն ինտերնետի կառավարման միջազգային գործընթացներում՝ կարևորելով նաև հետագա համագործակցությունը՝ հանուն կայուն, հասանելի, անվտանգ, բաց և միասնական ինտերնետի։
Օրակարգում էին Հայաստանի թվային ենթակառուցվածքների վիճակին, ինտերնետի հասանելիությանը, արհեստական բանականության կիրառմանը, զարգացմանն ու կառավարմանը, անձնական տվյալների պաշտպանությանը և թվային ծառայություններից անվտանգ օգտվելուն առնչվող հարցեր։
«Արհեստական բանականության նկատմամբ աճող հետաքրքրությունը նոր հնարավորություններ է ստեղծում հետազոտությունների, բիզնեսի, ներդրումների և միջազգային համագործակցության համար։ Զուգահեռաբար մեծանում են նաև մարտահրավերները։ Որպես ինտերնետային համայնքի ներկայացուցիչներ՝ մենք պարտավոր ենք այսօր նախանշել դրանք և հետագա զարգացման լուծումներ առաջարկել։ Սա մեր երկրի անվտանգության ու զարգացման կարևոր ուղղություններից մեկն է»,- նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։
Համաժողովում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության և անխափան աշխատանքի վերաբերյալ հարցերին։ Քննարկվել է, թե ինչպես կարող է Հայաստանը զարգացնել և պաշտպանել այդ ենթակառուցվածքները՝ ապահովելով կենսական նշանակության ծառայությունների շարունակական աշխատանքը։
Բանախոսների դիտարկմամբ՝ կիբեռմիջադեպերի ժամանակին բացահայտման և դրանց պատշաճ արձագանքման համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք, իսկ համապատասխան մասնագիտական կառույցները պետք է գործեն սերտ համագործակցությամբ։
Համաժողովի մասնակիցներն ընդգծել են, որ արհեստական բանականության լայն կիրառման պայմաններում այդ համագործակցությունն ավելի մեծ նշանակություն է ստանում։ Տեխնոլոգիական զարգացումներն ու դրանց կիրառման վերաբերյալ որոշումները կարող են անմիջական ազդեցություն ունենալ մարդկանց իրավունքների, անվտանգության և առօրյա կյանքի վրա։ Միաժամանակ, արհեստական բանականության կիրառումն առաջ է բերում նոր հարցեր՝ կապված անձնական տվյալների պաշտպանության, կիբեռանվտանգության և թվային ծառայությունների նկատմամբ վստահության հետ։
Քննարկումների ընթացքում կարևորվել է նաև հանրության թվային կրթության մակարդակի բարձրացումը և լայնածավալ իրազեկումը։ Մասնակիցների գնահատմամբ՝ թվային միջավայրում հնարավոր ռիսկերն ու վտանգները նվազեցնելու կարևոր նախապայմաններից են քաղաքացիների իրազեկվածությունը, թվային հմտությունների զարգացումը և անվտանգ վարքագծի ձևավորումը։
Ի դեպ, ArmIGF2026-ին զուգահեռ տեղի է ունեցել նաև երիտասարդական YouthIGF Armenia 2026-ը՝ «AI գործիքներ. դեպի աշխատաշուկա | Tech2Skills» խորագրով։ Երիտասարդները քննարկում էին, թե ինչպես արհեստական բանականության դարաշրջանում մասնագիտական հմտությունները և կարողությունները համապատասխանեցնել աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին, ինչպես խթանել AI գործիքների պատասխանատու ու քննադատական կիրառումը։
Light Talk-ի շրջանակում հայկական IT ընկերությունների մասնագետները երիտասարդներին ներկայացրեցին իրենց AI նախագծերը և պատմեցին, թե ինչ հմտություններ են ակնկալում երիտասարդներից: «Ստեղծել AI-ով, բայց մտածել ինքնուրույն․ որտե՞ղ է պատասխանատվության սահմանը» խորագրով քննարկումը ևս կարևոր բացահայտումների հնարավորություն էր։