Համացանցը մեկ կենտրոնից կառավարվող համակարգ չէ, այլ բազմաթիվ ինքնուրույն ցանցերի համագործակցության արդյունք։ Միասնական ինտերնետը փոխկապակցված համակարգ է, որի շնորհիվ տարբեր երկրների ցանցերը, թվային ծառայություններն ու սարքերը կարողանում են հաղորդակցվել ընդհանուր տեխնիկական կանոններով։ Հիմքում բաց չափորոշիչներն են, փոխգործունակությունն ու ապակենտրոնացված կառուցվածքը։
Միասնական և բաց ինտերնետը հնարավորություն է տալիս առանց աշխարհագրական սահմանափակումների օգտվել կրթական, գիտական, տնտեսական և տեղեկատվական ռեսուրսներից, զարգացնել առցանց ծառայություններ, համագործակցել միջազգային գործընկերների հետ և ապրանքներ ու ծառայություններ առաջարկել համաշխարհային շուկայում։ Այն նոր հնարավորություններ է ստեղծում նաև արհեստական բանականության զարգացման, գիտելիքի փոխանակման և նորարարության համար։
Ինտերնետի հասանելիությունը, սակայն, աշխարհում դեռևս հավասարաչափ չէ։ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) « Facts and Figures 2025 » զեկույցի համաձայն՝ համացանցից օգտվում է աշխարհի բնակչության շուրջ 74%-ը՝ շուրջ 6 միլիարդ մարդ։ Շուրջ 2,2 միլիարդ մարդ դուրս է համացանցից։ Խնդիրը միայն կապի բացակայությունը չէ․ տարբեր են նաև ինտերնետի որակը, գինը և թվային հմտությունները։
Հայաստանում ևս ինտերնետի հասանելիությունն աճում է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024-ին համացանցից օգտվողների թիվը կազմել է բնակչության 83,4%-ը՝ 2015-ի 59,1%-ի փոխարեն։ Ցուցանիշը վերաբերում է նույն տարվա վերջին երեք ամիսներին։
Այնուամենայնիվ, Հայաստանի թվային ներուժի լիարժեք օգտագործման համար անհրաժեշտ է ներքին ենթակառուցվածքների զարգացում, գերարագ և բազմալեզու ինտերնետի հասանելիություն, մասնագիտական հմտություններ և թվային ծառայությունների ընդլայնում։ Կարևոր ուղղություն է տարածաշրջանային թվային կապակցվածությունը։ Հուսալի միջազգային կապուղիները, այլընտրանքային երթուղիները և ենթակառուցվածքային ներդրումները կարող են նպաստել կապի կայունությանը, տվյալների փոխանցման արդյունավետությանը և միջազգային թվային ծառայությունների զարգացմանը։
Այս և այլ հարցեր կքննարկվեն «Հայաստանի թվային ապագայի կերտում․ համատեղ պատասխանատվություն» խորագրով նոյեմբերի 6-ին Երևանում կայանալիք Ինտերնետ կառավարման հայաստանյան 11-րդ համաժողովում ՝ ArmIGF2026-ում։