Տեխնիկական բարձրագույն կրթություն և երկարամյա մասնագիտական փորձ ունեցող Եղիսաբեթ Որբերյանը մեկն է այն 25 անձանցից, ովքեր մասնակցում են «Տարեցների թվային հմտությունների զարգացում» դասընթացին՝ «Թվային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում։
«Ցանկացա ինտերնետում ինքնուրույն ու անվտանգ զգալ։ Դասընթացն ինձ համար նաև թոռներիս մոտ հեղինակությունս բարձր պահելու՝ իմացություններով ու կարողություններով նրանց չհիասթափեցնելու հնարավորություն է»,– նոյեմբերի 17-ին մեկնարկած դասընթացին նշեց տիկին Եղիսաբեթը ։
Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, 60+ տարիքային խումբը մինչև 2050-ը կկազմի բնակչության 31.5%-ը։ Ազդարարելով տարեցների թվային ներառման հրատապությունը և դասընթացի մեկնարկը՝ նախաձեռնության հեղինակներն ընդգծեցին, որ տարիքային այս խմբի ակտիվ ներգրավումը թվային միջավայրում ոչ միայն կնպաստի թվային անվտանգության բարձրացմանը, այլև կնվազեցնի միայնության ռիսկերը, կավելացնի համայնքային ակտիվությունը և կնպաստի թվային ժողովրդավարության ամրապնդմանը։
«Այս դասընթացը ձեզ հնարավորություն կտա ավելի վստահ ու անկախ գործել թվային աշխարհում։ Թվային գործիքները կարող են դառնալ յուրաքանչյուրի առօրյան հեշտացնող բաղադրիչ՝ անկախ տարիքային գործոնից», – ողջունելով մասնակիցներին՝ նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։
Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի տարեց բնակիչների թվային գրագիտության մակարդակը, ապահովել նրանց անվտանգ և արդյունավետ ներգրավվածությունը թվային միջավայրում և սովորեցնել առցանց ծառայություններից ինքնուրույն ու վստահ օգտվել։
Դասընթացները կազմակերպվում են «Թվային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն՝ «Ինտերնետ hանրություն» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ՝ «Թվային ժողովրդավարություն բոլորի համար» նախաձեռնության ներքո: