Արհեստական բանականությունը հանրությանը հասանելի դարձավ բոլորովին վերջերս և արագորեն ներթափանցեց կյանքի գրեթե բոլոր ոլորտներ՝ հնարավորություններին զուգահեռ ստեղծելով որոշակի հարցեր, օրինակ՝ որքանո՞վ են վստահելի ԱԲ գործիքներն առողջաապահության ոլորտում։
Այս հարցի պատասխանը ներկայացվեց «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ների նախաձեռնությամբ Արարատի պետական բժշկական քոլեջում անցկացված «Արհեստական բանականությունը բժշկության մեջ» խորագրով վարպետաց դասի ընթացքում։
ԻՀ ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը և ԻՀՀՀ ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանն իրենց ողջույնի խոսքում ընդգծեցին, որ միջոցառման նպատակը ուսանողներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությունն առողջապահության ոլորտում ներկայացնել է, ինչպես նաև մասնագիտական խմբերի շրջանում թվային գրագիտության զարգացմանն ու նորարարական լուծումների տարածմանը նպաստելը։
AI-ը հաճախ բնութագրվում է որպես «երկրորդ աչք» բժշկի համար, քանի որ այն կարող է օգնել տվյալների արագ վերլուծության և որոշումների ընդունման գործընթացում։ Այս կարծիքը հայտնեց վարպետաց դասի հիմնական բանախոսը՝ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի բժիշկ-ռադիոլոգ Սոնա Այվազյանը։
Մասնագետների համոզմամբ՝ բժշկության մեջ անհրաժեշտ է կիրառել բացառապես մասնագիտացված լուծումներ, որոնցից են ախտորոշման և կլինիկական որոշումների աջակցման համար նախատեսված Dr. CaBot-ը, IDx-DR-ը և Google DeepMind-ի կողմից մշակված բժշկական ալգորիթմները։
«Արհեստական բանականությունը զուրկ է մարդկային զգացմունքներից և չի կարող փոխարինել բժշկի փորձառությունն ու ինտուիցիան։ Այն կարող է ծառայել որպես օժանդակ գործիք, սակայն վերջնական որոշումը միշտ պետք է կայացնի մասնագետը»,- վստհացրեց Սոնա Այվազյանը։
Արհեստական բանականությունն արդեն լայն կիրառություն ունի հատկապես հետևյալ ուղղություններում՝
- ռադիոլոգիայում՝ ռենտգեն և այլ պատկերային հետազոտությունների վերլուծության, ուռուցքների վաղ հայտնաբերման նպատակով,
- ատամնաբուժության ոլորտում՝ իմպլանտների ավտոմատ չափումների, օրթոդոնտիկ պլանավորումների, կարիեսի բացահայտման համար,
- բուժքույրական գործում հարմար է՝ հիվանդի վիճակի մոնիթորինգի, էլեկտրոնային պատմությունների կառավարման, դեղորայքի սխալի կանխման համար և այլն։
Իսկ ԱԲ գործիքների օգտատերը, լինի բժիշկ, թե բուժառու, խնդիր ունի խուսափելու մի շարք սխալներից, մասնավորապես՝
- տվյալների սխալ վերլուծության հավանականությունից,
- տեխնոլոգիաներից չափազանց կախվածությունից,
- տվյալ ոլորտի համար չնախատեսված AI համակարգերի օգտագործումից։
Նման կրթական նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում ապագա մասնագետների ձևավորման գործում։ Դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին ոչ միայն ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին, այլև՝ ձևավորել դրանց նկատմամբ պատասխանատու և գիտակցված մոտեցում։