Համակարգչից և սոցցանցերից օգտվելը 84-ամյա Լիդա Մարգարյանի համար այլևս խնդրահարույց չէ։ Նա արդեն հեշտորեն կիրառում է «Տարեցների կիբեռանվտանգության և տեխնոլոգիական հմտությունների բարելավում» կրթական ծրագրում ստացած գիտելիքը՝ որպես հմտություն։
«Մինչև վերջերս՝ 80 տարեկանում էլ աշխատել եմ։ Համակարգչին ծանոթ էի տեքստեր հավաքելու մակարդակով։ Երկրագիտւթյան ինստիտուտում աշխատելու տարիներն այդ հնարավորությունը տվել էին։ Դասընթացն էլ օգնեց, որ ինտերնետում և սոցցանցերում համարձակ լինեմ»,- ասաց ծրագրի մասնակիցներից ամենատարեցը՝ հուլիսի 12-ին տեղի ունեցած հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ։
Ծրագրի 25 մասնակիցներին հավաստագրերը հանձնեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։
«Հասարակության առաջընթացի համար մեր օրերում հատկապես կարևոր է տարեցների ներուժի արդյունավետ օգտագործումը, քանի որ մարդկությունը գնում է դեպի ծերացում։ Հետևաբար, անկախ տարիքից` ժամանակի պահանջներին համապատասխանելը անհատական պատասխանատվությունից ավելին է»,- նշեց Մկրտումյանը։
Դասընթացում մասնակիցները ստացել են տեսական և գործնական գիտելիք՝ համացանցից, սոցիալական ցանցերից և տարբեր թվային գործիքներից օգտվելու, ինչպես նաև՝ կիբեռանվտանգության տարրական կանոնների վերաբերյալ։
«Տարիքը թիվ է, ընդամենը պիտակ։ Խոչընդոտ չեղավ այս նոր ուղղությանը տեղեկենալու, նոր հմտություն ձեռք բերելու։ Հիմա ավելի հեշտ եմ լուծում որոշ առօրյա խնդիրներ և ինքնուրույն եմ օգտվում ինտերնետից»,- շնորհակալություն հայտնելով դասընթացի կազմակերպիչներին՝ ասաց Ստելլա Անանյանը։
«Տարեցների կիբեռանվտանգության և տեխնոլոգիական հմտությունների բարելավում» ծրագիրն իրականացվել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի կողմից՝ «Ինտերնետ հանրություն հիմնադրամի» (Internet Society Foundation, ISF) ֆինանսավորմամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի», «Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի» ու «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» հետ համագործակցությամբ։