Հայաստանյան ռեգիստրարների ամենամյա աշխատաժողովը՝ «Ռեգիտոն»-ն, այս տարի առաջին անգամ անցկացվեց համաժողովի ձևաչափով և միջազգային փորձագետների ներգրավմամբ` հունիսի 21-ին, Երևանում։
«Հզորացնելով .am և .հայ տիրույթները» խորագրով համաժողովը կազմակերպել էր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ որպես .am և .հայ դոմենների կառավարիչ, «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և «Ինտերնետ հանրություն հիմնադրամի» աջակցությամբ։
«Միջազգային և հայաստանյան մեր գործընկերների օգնությամբ ներկայացնում ենք ոլորտի նորարարությունները։ Նպատակը, իհարկե, ինչպես .am-ի և .հայ-ի, այնպես էլ ընդհանրապես դոմենային ինդուստրիայի զարգացումն է», – նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։
«Ռեգիտոն-2025»-ը մեկտեղեց պետական, մասնավոր և հասարակական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղացի ու միջազգային փորձագետների։ Թեմատիկ քննարկումներում մասնակիցները վերլուծեցին ոլորտի արդիական խնդիրները։