Եվրոպայի տարբեր երկրների Ինտերնետ հասարակության հատվածները փորձի փոխանակման, համագործակցության ամրապնդման և առաջիկա ծրագրերի քննարկման նպատակով հունիսի 23-ին մասնակցել են Ինտերնետ հասարակության (Internet Society) եվրոպական տարածաշրջանի երկրների Chapter-ների 2026 թվականի առաջին առցանց համայնքային հանդիպմանը (Europe Community Call)։
Ինտերնետ հասարակության Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Իսրայելի, Կատալոնիայի (Իսպանիա) և Հայաստանի հատվածների ներկայացուցիչները գործընկերներին ներկայացրել են վերջին ամիսներին իրականացրած առավել հաջողված ծրագրերն ու նախաձեռնությունները՝ անդրադառնալով դրանց ազդեցությանը տեղական ինտերնետ համայնքների զարգացման վրա։ Ներկայացրել են նաև անդամների ներգրավվածության բարձրացման, կամավորական համայնքների ընդլայնման և տեղական նախաձեռնությունների արդյունավետ իրականացման սեփական փորձը։
«Ինտերնետ հասարակության եվրոպական համայնքն այսօր ոչ միայն փորձի փոխանակման հարթակ է, այլև համագործակցության նոր գաղափարներ և համատեղ նախաձեռնություններ ձևավորվելու միջավայր։ Հայաստանի համար նույնպես կարևոր է ակտիվորեն ներգրավված լինելն այս գործընթացներում՝ ներկայացնելով մեր կատարածը և տեղեկանալով գործընկերների արդեն իսկ հաջողված փորձին։ Վստահ եմ, որ նման հանդիպումների արդյունքը թե՛ տեղական կազմակերպությունների, թե՛ տարածաշրջանային ինտերնետային համայնքի զարգացումն է»,– հանդիպման ընթացքում ընդգծել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի անդամ Տիգրան Զարգարյանը։
Նա գործընկերներին ներկայացրել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախաձեռնած «Գրադարանների թվային զարգացում և ինտերնետ հասանելիության կենտրոններ համայնքներում» ծրագրի ընթացքն ու արդյունքները։
Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դրաձվել նաև ֆինանսավորման հնարավորություններին՝ քննարկվել են Internet Society Foundation-ի և այլ հնարավոր աղբյուրների միջոցով Chapter-ների նախաձեռնությունների աջակցության տարբերակները, ինչպես նաև՝ հաջողված դրամաշնորհային ծրագրերի փորձը և համագործակցության նոր ձևաչափերը։
Internet Society-ի 2026 թվականի քաղաքականության և շահերի պաշտպանության (Policy & Advocacy) առաջնահերթությունները նույնպես կարևոր թեմաներից էին։ Այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանքն ազգային Chapter-ների առավել ակտիվ ներգրավումն է ինտերնետի բաց, անվտանգ և գլոբալ բնույթի պահպանմանն ուղղված միջազգային գործընթացներում։
Internet Society-ի եվրոպական տարածաշրջանի համայնքային առցանց հանդիպումները կազմակերպվում են պարբերաբար՝ Chapter-ների միջև համագործակցությունն ամրապնդելու, գիտելիքի և փորձի փոխանակումը խթանելու, ինչպես նաև ինտերնետի զարգացմանն առնչվող կարևոր հարցերի շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով։