Եվրոպան ինչպե՞ս կարող է ամրապնդել թվային ինքնիշխանությունը, կիբեռանվտանգությունը և դիմակայունությունը՝ միաժամանակ պահպանելով բաց, գլոբալ և փոխկապակցված ինտերնետը։ Այս հարցերին են անդրադարձել Եվրոպական խորհրդարանում «Թվային ինքնիշխանություն. ինչպես հավասարակշռել դիմակայունությունն ու բաց լինելը» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։ Այն գումարվել էր Բրյուսելում՝ հոկտեմբերի 15-ին, գլոբալ «Ինտերնետ հանրության» Համայնքային շահերի պաշտպանության (Community Advocacy) աշխատաժողովի շրջանակներում։
Հայաստանը՝ ի դեմս «Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածի» խորհրդի անդամներ Կատարինա Գևորգյանի և Քրիստինա Հակոբյանի, քննարկման ակտիվ մասնակից էր։
Քննարկումը վարում էր ISOC-ի գործադիր տնօրեն Սալլի Ուենթվորթը։ Որպես բանախոսներ մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սերգեյ Լագոդինսկին և Քրիստիան Վիգենինը, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Էստևե Սանցը և համայնքային այլ առաջնորդներ։
Կատարինա Գևորգյանն աշխատաժողովում ընդգծել է տվյալների պաշտպանության և գաղտնիության կարևորությունը Հայաստանի թվային զարգացման համատեքստում։ Նա շեշտել է անձնական տվյալների պաշտպանության, օգտատերերի անվտանգության ամրապնդման և թվային ծառայությունների նկատմամբ հանրային վստահության ձևավորման անհրաժեշտությունը։ Գևորգյանն անդրադարձել է նաև թվային ինքնիշխանության հարցին երկրի մոտեցումների ձևավորման վրա Հայաստանի և Եվրոպական միության զարգացող հարաբերությունների ու տարածաշրջանային համատեքստի ազդեցությանը։
Թվային ինքնիշխանությունն ոչ մի դեպքում չպետք է դառնա մեկուսացում կամ լիակատար տեխնոլոգիական անկախություն։ Սա է եղել քննարկման հիմնական արձանագրումներից մեկը։ Փոխարենը, այն պետք է օգնի երկրներին ամրապնդել դիմակայունությունը, ընդլայնել մարդկանց ընտրության հնարավորությունները և ապահովել ինտերնետի անվտանգ ու հուսալի հասանելիություն։ Այդ նպատակներին հասնելու համար էական են բաց չափորոշիչները, միջազգային համագործակցությունը, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության և տեխնիկական համայնքի ակտիվ համագործակցությունը։
Հայաստանի համար այս հարցերը հատկապես արդիական են, քանի որ երկիրը շարունակում է զարգացնել իր թվային ծառայություններն ու քաղաքականությունները։ Անձնական տվյալների պաշտպանությունը, թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, ինչպես նաև թվային պետական ծառայությունների նկատմամբ վստահության ձևավորումը պետք է լինեն Հայաստանի թվային վերափոխման առանցքային առաջնահերթությունները։
Միջազգային նման քննարկումներին և նման նախաձեռնություններին իր մասնակցությամբ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն շարունակում է խթանել բաց, անվտանգ և ներառական ինտերնետը Հայաստանում՝ իր ներդրումն ունենալով նաև ինտերնետի կառավարման, թվային իրավունքների և պատասխանատու թվային զարգացման մասին գլոբալ քննարկումներում։