Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Թվային Հայաստանի զարգացումը պահանջում է կապի ենթակառուցվածքների արդիականացում և հավասար հասանելիություն

Հայաստանի թվային զարգացման համար միայն բջջային կապի աշխարհագրական ծածկույթ ապահովելը բավարար չէ։ Կարևոր է, որ բնակիչները, այդ թվում՝ գյուղական ու հեռավոր համայնքներում, ունենան արագ և հուսալի ինտերնետ, իսկ թվային ծառայություններն ապահովող ենթակառուցվածքները լինեն անվտանգ, փոխկապակցված և դիմակայուն։ Այս հարցերն են քննարկվել ArmIGF2026-ի «Միասնական թվային Հայաստան․ տարածաշրջանային կապակցվածություն, թվային հանրային ենթակառուցվածք և հավասար հասանելիություն» խորագրով թեմատիկ քննարկմանը։

Այն վարել է «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։ Մասնակցել են Համաշխարհային բանկի թվայնացման մասնագետ Հիմմաթ Սինգ Սանդհուն, «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ, ARMIX-ի նախագահ Ալբերտ Տոնեյանը, EdgeSimplify ընկերության ամպային համակարգերի և ենթակառուցվածքային ցանցերի ղեկավար Ամիր Սոլեյմանին և Տեղեկատվական համակարգերի գործակալությունից Շանթ Քասարդջյանը։

ՀԲ-ի մասնագետը, ներկայացնելուվ Հայաստանում լայնաշերտ ինտերնետի հասանելիության ուսումնասիրության նախնական արդյունքները, տեղեկացրել է, որ երկրի տարածքի գրեթե 100%-ն ունի բջջային ինտերնետի այս կամ այն ծածկույթը, սակայն դա դեռ չի նշանակում, որ բոլոր բնակավայրերում հասանելի է բարձր արագությամբ և որակյալ կապ։ Տների 70-80%-ը միացված է ֆիքսված լայնաշերտ ինտերնետին, ընդ որում՝ շատ դեպքերում մինչև տուն հասնող վերջին հատվածն օպտիկամանրաթելային է, մինչդեռ ավելի քան 200 գյուղական բնակավայրերում կապի ավելի լայն՝ միջանկյալ հատվածներում օպտիկամանրաթելային ենթակառուցվածքը բացակայում է։

Խոսքը շուրջ 20 հազար տնային տնտեսության կամ 70-80 հազար մարդու մասին է։ Միաժամանակ նշվել է, որ շուրջ 30 հեռավոր գյուղում օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը կարող է տնտեսապես անարդյունավետ լինել։ Այդ բնակավայրերում հնարավոր լուծումներից են արբանյակային և այլ տեխնոլոգիաները։

Առնվազն 190 գյուղերում, ըստ նախնական գնահատման, նոր սերնդի օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը իրագործելի է։ Դրա համար անհրաժեշտ ներդրումը գնահատվել է 20–25 միլիոն դոլար։ Քանի որ բնակչության խտությունը ցածր է, այդ բնակավայրերում ներդրման մոտ 50%-ը, հավանաբար, պետք է ապահովվի պետական աջակցությամբ։ Օպերատորների ներդրումների վերադարձը կարող է տևել 5–10 տարի։

Տարածաշրջանային կապակցվածության կարևորությունը ներկայացրել է Ալբերտ Տոնեյանը՝ անդրադառնալով ARMIX-ի գործունեությանը։ Տեղական ինտերնետային տրաֆիկի փոխանակման համակարգը գործում է արդեն 16 տարի։ Հիմնական նպատակը Հայաստանի օպերատորների միջև տեղական թրաֆիկի փոխանակումն է՝ առանց այլ երկրների ցանցերով փոխանցելու անհրաժեշտության։ Սա նվազեցնում է արտաքին կապուղիներից կախվածությունը, ծախսերը, ուշացումները և բարձրացնում կապի դիմակայունությունը։ Տեղական ցանցերում հնարավոր է նաև օգտագործել խոշոր հարթակների՝ Google-ի և Meta-ի բովանդակության պահոցները՝ խնայելով արտաքին կապուղիների թողունակությունը։

Մինչև վերջերս ARMIX-ի միակ հանգույցը Երևանում էր։ Շուրջ մեկ տարի առաջ դրամաշնորհային աջակցությամբ փորձնական հանգույց է գործարկվել նաև Գյումրիում։ Դրանից առաջ մարզային ինտերնետ մատակարարները տեղական թրաֆիկը փոխանակելու համար ստիպված էին կապուղիներ վարձակալել դեպի Երևան։ Գյումրիի հանգույցի պահանջարկը, ըստ բանախոսի, սպասվածից մեծ է եղել, ինչն ընդգծում է նման ենթակառուցվածքների տարածքային ընդլայնման անհրաժեշտությունը։

Ամիր Սոլեյմանին անդրադարձել է թվային ենթակառուցվածքների անընդհատ աշխատանքի և արտակարգ իրավիճակներում դրանց դիմակայունության ապահովմանը։ Որպես կարևոր լուծում նա նշել է պահուստային կապուղիները, տեղական DNS համակարգերը, բովանդակության պահոցները, տվյալների կենտրոնները և հեռահաղորդակցության ծառայությունների բաշխվածությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ոչ միայն ստեղծել պահուստային համակարգեր, այլև պարբերաբար ստուգել դրանց աշխատանքը և պատրաստ լինել հիմնական համակարգի խափանման դեպքում արագ վերականգնման։ Որպես օրինակ նա ներկայացրել է Իրանը, որտեղ վերջին ամիսներին պատերազմի պայմաններում միջազգային ինտերնետային կապերի ընդհատման պայմաններում ներքին թվային ծառայությունները շարունակել են գործել։

Շանթ Քասարդջյանը ներկայացրել է կիբեռանվտանգության օրենսդրական և կազմակերպական զարգացումները։ Նրա խոսքով՝ կիբեռանվտանգության մասին օրենքով առանձնացվել է 14 ոլորտ, իսկ այժմ մշակվում է այն մեթոդաբանությունը, որով պետք է որոշվեն կրիտիկական նշանակության կազմակերպություններն ու համակարգերը։ Դրանց համար նախատեսվում է սահմանել անվտանգության նվազագույն պահանջներ և իրականացնել պարբերական ստուգումներ։

Քննարկման ավարտին մասնակիցներն ընդգծել են, որ թվային ենթակառուցվածքների զարգացումը միայն պետության կամ հեռահաղորդակցության օպերատորների խնդիրը չէ։ Հայաստանում գործում է ավելի քան 100 օպերատոր, որոնցից 4-ը խոշոր են, մյուսները՝ փոքր։ Հեռավոր բնակավայրերում ցանցի կառուցման ծախսերը նվազեցնելու համար առաջարկվել է դիտարկել նաև արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքների, օրինակ՝ էլեկտրասյուների և գազատարների օգտագործման հնարավորությունը։

Բանախոսների ընդհանուր գնահատմամբ՝ միասնական թվային Հայաստանի կառուցումը պահանջում է համատեղ աշխատանք՝ պետական կառույցների, մասնավոր հատվածի, տեխնիկական համայնքի և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ։ Պետք է ոչ միայն սահմանել ենթակառուցվածքների զարգացման նպատակները, այլև քննարկել դրանց ֆինանսավորման, պետական աջակցության, հարկային ու մաքսային խթանների հնարավորությունները։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result_
Կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությունը պետք է հաշվի առնել դեռևս համակարգերի նախագծման փուլում
Գլխավոր_result
ԱԲ համակարգերը պետք է լինեն թափանցիկ, բացատրելի և տվյալների որակին համապատասխան
Գլխավոր_result
Արհեստական բանականությունից մինչև թվային վստահություն․ քննարկվել են ինտերնետի զարգացման մարտահրավերները
ArmIGF պատմություն_result
Ինտերնետի ապագան՝ համագործակցության միջոցով․ IGF-ը միավորում է բոլորին
6F424482-5FD8-4C19-8D53-0986BCF02418_result
Բազմաշահառու կառավարում․ ովքեր և ինչպես են որոշում ինտերնետի ապագան
9C7C472F-0B7D-496C-A467-E20BB5B482D3_result
Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ
Էլեկտրամատակարարում_20261028_155359_0000_result
Կրիտիկական ենթակառուցվածքներ. համակարգերի դիմակայությունն ու ազգային անվտանգությունը
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
Subscribe for our newsletter.