Արհեստական բանականության գործիքների կիրառումն արագացնում է տվյալների մշակումը, վերլուծությունը և տարբեր ծառայություններ, բայց առաջ է բերում նաև անձնական տվյալների և մարդու իրավունքների պաշտպանության, թափանցիկության, հաշվետվողականության խնդիրներ։ Այս հարցերին անդրադարձել են ArmIGF2026-ի «Բազմաշահառու կառավարում՝ արհեստական բանականությունը, տվյալների պաշտպանությունը և թվային վստահությունը» խորագրով թեմատիկ քննարկմանը։
Այն վարել է անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը։ Բանախոսներն էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային փոխակերպման և քաղաքականությունների մշակման մասնագետ Տաթևիկ Գրիգորյանը, RKS Global-ի գլխավոր իրավաբանական տնօրեն, ԱԲ կառավարման և կարգավորման ոլորտի հետազոտող Դմիտրի Կուտեյնիկովը, CyberHUB-AM-ի համահիմնադիր, մեդիափորձագետ Արթուր Պապյանը և EasyPay-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Արմեն Վիրաբյանը։
RKS Global-ի գլխավոր իրավաբանական տնօրեն Դմիտրի Կուտեյնիկովը ներկայացրել է «Human versus Model» հետազոտությունը։ Այն ուսումնասիրել է, թե եվրասիական 9 երկրում բովանդակության և մարդկանց վերահսկման նպատակով ինչպես է կիրառվում ԱԲ-ն։ Հայաստանում համեմատաբար հազվադեպ է սահմանափակվում առցանց բովանդակությունը, սակայն մտահոգիչ են ոլորտը կարգավորելուն ուղղված մի քանի նախաձեռնություններ, որոնցից է օրինակ, հանրային վայրերում տեսախցիկների միջոցով կենսաչափական նույնականացում իրականացնելու հնարավորությունը թույլատող նախագիծը։ Ըստ բանախոսի՝ անձի ինքնությունը պետք է բացահայտվի միայն իրավասու մարմնի որոշմամբ՝ կոնկրետ դեպքերում, իսկ միասնական նույնականացման համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ է գնահատել տվյալների պաշտպանության ռիսկերը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային փոխակերպման և քաղաքականությունների մշակման մասնագետ Տաթևիկ Գրիգորյանը շեշտել է, որ տվյալների կառավարման և թվային փոխակերպման հիմքում պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը Նա առանձնացրել է անձնական տվյալների չարաշահման, ավտոմատացված որոշումների, պատասխանատվության մեխանիզմների բացակայության ռիսկերը։ Բանախոսը նաև ընդգծել է, որ առանց ամբողջական, հավաստի և ներառական տվյալների հնարավոր չէ ստեղծել վստահելի ԱԲ համակարգեր։
EasyPay-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Արմեն Վիրաբյանի խոսքով՝ ֆինանսական և կառավարման գործընթացներում, ԱԲ-ի կիրառումից առաջ, ֆինանսական թիմի աշխատանքի 70-80%-ը զբաղեցնում էին տվյալների հավաքումն ու մշակումը, իսկ 20-30%-ը՝ վերլուծությունը։ Այժմ տեխնոլոգիան կրճատում է տվյալների հավաքման և մշակման վրա ծախսվող ժամանակը՝ հնարավորություն տալով ավելի շատ կենտրոնանալ վերլուծության վրա։ Միաժամանակ, ԱԲ-ի սխալ պատասխանները և դրանց հիման վրա կայացված որոշումները լուրջ ռիսկեր են ստեղծում։
CyberHUB-AM-ի համահիմնադիր, մեդիա փորձագետ Արթուր Պապյանը պատմել է ԱԲ-ի կիրառման ուղղությունները՝ սոցիալական ցանցերում ատելության խոսքի և բովանդակության մոդերացումից մինչև վերլուծություն և մոնիթորինգ։ Նա նաև ներկայացրեց զգայուն տվյալների տեղային մշակման օրինակը, երբ փոքր ԱԲ մոդելներն աշխատում են կազմակերպության համակարգերում՝ առանց տվյալները արտաքին ծառայություններին փոխանցելու։ Միաժամանակ զգուշացրեց, որ ԱԲ-ի ագենտներին անվերապահ վստահելը կարող է հանգեցնել սխալների և աստիճանաբար թուլացնել մասնագետների հմտությունները։
Այսպիսով՝ ԱԲ-ն կարող է հեշտացնել աշխատանքը, բայց չի կարող փոխարինել կամ չեզոքացնել մարդու պատասխանատվությունը։ Տեխնոլոգիայի կիրառման յուրաքանչյուր դեպքում պետք է հստակ լինի՝ ի՞նչ տվյալներ են փոխանցվում համակարգին, ինչպե՞ս են ստուգվում ստացված արդյունքները և ո՞վ է պատասխանատու դրանց օգտագործման համար։ Բանախոսները նաև կարևորեցին տեղական մոդելների, սերվերների և հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը՝ որպես թվային դիմակայունության և ինքնուրույնության պայման։