Արհեստական բանականության դարաշրջանում ի՞նչ հմտություններ են պետք երիտասարդներին։ Եթե AI-ը կարող է ստեղծել, ինչո՞ւ պետք է գործատուն ընտրի այս կամ այն մասնագետին։
Այս հարցերն են քննարկվել նոյեմբերի 6-ին Երևանում կայացած YouthIGF Armenia2026-ում։ «AI գործիքներ. դեպի աշխատաշուկա | Tech2Skills» խորագրով երիտասարդական համաժողովը կազմակերպել էին «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունները։ Նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել աշխատաշուկայի փոփոխություններին ու խթանել AI գործիքների պատասխանատու և քննադատական կիրառումը։
Harmar-ի AI-ի հիմնադիր Արամ Մարգարյանը երիտասարդների հետ կիսվեց իր ստեղծելու փորձով՝ գաղափարից մինչև իրականացում, նշելով, որ ամեն ինչ հաջողել է առանց մեծ ծախսերի։
ARLOOPA-ի ավագ ծրագրավորող Դավիթ Նաջարյանի կարծիքով, AI-ի արդյունքը պարզապես չի կարելի ընդունել առանց ստուգման։ ARLOOPA-ն զարգացնում է AR/VR փորձառություններ, և նրա գործիքները կարող են տեքստից կամ պատկերից ստեղծել անգամ 3D մոդել։ Սակայն ստուգել պետք է և՛ մոդելի տեսքն ու մասշտաբը, և՛ AI-ի կատարած գործողությունների ճշգրտությունը, և՛ նրա պատասխանների հավաստիությունը։ Բանախոսի կարծիքով՝ ապագայի մասնագետից պահանջվում է չորս հմտություն. ձևակերպել խնդիրը, իմանալ հիմքերը, ստուգել արդյունքը, բացատրել սեփական որոշումը։
COPA-ի տվյալագետ և AI ինժեներ Մերի Դավթյանը նույն միտքը ներկայացրել է իրենց թիմի փորձով։ Ընկերությունը ստեղծում է որոշումների աջակցման AI գործիքներ, ինչպես, օրինակ՝ խորհրդարանական քննարկումները վերլուծող ParlOur-ը կամ մեդիամոնիթորինգի AI հարթակը։ Ապագայի մասնագետի համար նա առանձնացրել է յոթ հմտություն, որոնց թվում են քննադատական մտածողությունը, հարմարվողականությունը, մարդկանց հասկանալու կարողությունը և հանրային հաղորդակցությունը։
Արման Ասատրյանը Zeyro-ի օրինակով ցույց է տվել, որ տեղական շուկայի իմացությունը նույնպես արժեք է։ Ընկերությունը ներկայացել է որպես նոր սերնդի հայկական ԱԲ, որը կենտրոնացած է հայերենի և Հայաստանի օգտատերերի կարիքների վրա։
Համաժողովի շրջանակում կայացած «Ստեղծել AI-ով, բայց մտածել ինքնուրույն․ որտե՞ղ է պատասխանատվության սահմանը» թեմատիկ քննարկմանը մասնակցել են Harmar-ի AI-ի հիմնադիր Արամ Մարգարյանը, ARLOOPA-ի ավագ ծրագրավորող Դավիթ Նաջարյանը, մարդկային ռեսուրսների մասնագետ Էդուար Կոյումջյանը և ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ, «Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Մերի Բաղդասարյանը։ Նրանք անդրադարձել են AI-ի հնարավորություններին ու սահմանափակումներին, ստեղծվող բովանդակության համար պատասխանատվության ստանձնման և մասնագիտական հմտությունների պահպանման ու զարգացման հարցերին։ Երիտասարդները հնարավորություն են ունեցել անմիջականորեն հարցեր ուղղել բանախոսներին։
Մասնակիցները, թեև տարբեր ոլորտներից էին, սակայն ունեին նույն եզրահանգումը։ Նոր գործիքներին տիրապետելն աշխատաշուկայի նվազագույն պահանջն է, իսկ տարբերակիչ են դառնում քննադատական մտածողությունը, արդյունքը ստուգելու կարողությունը, պատասխանատվությունն ու ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, ինչի համար, վստահաբար, առանցքային են հիմնարար գիտելիքն ու արդիական կրթությունը։ Այս հարցերի շուրջ քննարկումները Հայաստանում ծավալվում են տարբեր, այդ թվում՝ YouthIGF հարթակում։
Հայաստանում առաջին YouthIGF-ը տեղի է ունեցել 2019-ի հոկտեմբերի 11-ին Երևանում։ Երկար դադարից հետո ձևաչափը վերագործարկվել է 2024-ին՝ «Ինտերնետ նորարարությունները կրթության մեջ» թեմայով, իսկ 2025-ի նոյեմբերի 20-ին քննարկվել են թվային ֆինանսների ռիսկերն ու հնարավորությունները։