Արհեստական բանականության լայն կիրառման, անձնական տվյալների պաշտպանության, թվային ծառայությունների նկատմամբ վստահության ապահովումը մերօրյա առաջնայնություններից են, որոնց իրականացման համապատկերում կրկին կարևրվում է`«ո՞վ և ինչպե՞ս է կառավարում ինտերնետը» հարցը։
Ինտերնետն աշխարհի տարբեր երկրներում գործող ինքնուրույն ցանցերի փոխկապակցված համակարգ է։
Ինտերնետի աշխատանքն ու զարգացումն ապահովվում են բազմաթիվ մասնակիցների համագործակցությամբ։ Այս մոտեցումը կոչվում է ինտերնետի բազմաշահառու կառավարում (Multistakeholder Internet Governance)։ Մասնակիցներն են հինգ հիմնական խմբեր՝
- պետություններ (կառավարություններ),
- մասնավոր հատված,
- տեխնիկական համայնք,
- ակադեմիական շրջանակներ,
- քաղաքացիական հասարակություն։
Պետությունները ձևավորում են իրավական և կարգավորող միջավայրը, բիզնեսը ներդրումներ է անում և զարգացնում թվային ծառայությունները, տեխնիկական մասնագետները մշակում են ինտերնետի աշխատանքի ընդհանուր չափորոշիչներն ու արձանագրությունները, գիտական շրջանակներն հետազոտություններ են անում, իսկ քաղաքացիական հասարակությունը ներկայացնում է հանրային շահերն ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները։ Որոշումները մշակվում են համագործակցության, քննարկումների և համաձայնության սկզբունքով։
Բազմաշահառու կառավարման հիմքերը և գլոբալ թվային համագործակցության ընդհանուր սկզբունքներն ամրագրվել են 2003-ին՝ Ժնևում և 2005-ին՝ Թունիսում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի փաստաթղթերում (WSIS)։ Միջազգային մակարդակում դրա կարևոր հարթակը ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման համաժողովն է (IGF)։
IGF-ում, որը տարբեր շահառուների երկխոսության և առաջարկությունների մշակման հարթակ է, քննարկվում են ինտերնետի զարգացմանն ու թվային քաղաքականությանը վերաբերող հարցերը։ Որոշումների մշակմանը մասնակցում են ինչպես տեխնոլոգիան ստեղծողներն ու կարգավորողները, այնպես էլ դրանցից օգտվողները։ Այդկերպ համադրվում են տարբեր մասնագիտական և հասարակական տեսանկյունները, ինչը թույլ է տալիս արագ բացահայտել խնդիրները, գնահատել որոշումների հետևանքները և բարձրացնել հանրային վստահությունը։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է արհեստական բանականության դարաշրջանում, երբ տեխնոլոգիական նորարարությունները անմիջականորեն առնչվում են անձնական տվյալներին, գաղտնիությանը, մարդու իրավունքներին և հասարակական կյանքին։
Հայաստանում բազմաշահառու կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը ձևավորվել են 2014-ին՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։ Դրա շարունակությունն է ՀՀ Ինտերնետ կառավարման խորհուրդը (IGC) միջգերատեսչական խումբը, որի շրջանակում տարբեր ոլորտների ներկայացուցիչները համագործակցում են ինտերնետի կառավարման հարցերի շուրջ։ Կարևոր հարթակ է նաև Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովը՝ ArmIGF-ը, որը պետական, մասնավոր, տեխնիկական, ակադեմիական և հասարակական հատվածների ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս քննարկել թվային քաղաքականության արդիական խնդիրները և առաջարկել լուծումներ։
Երևանում նոյեմբերի 6-ին նախանշված է ArmIGF2026-ը «AI նորարարությունից մինչև պատասխանատու կառավարում» խորագրով, որի թեմատիկ քննարկումներից մեկն էլ «Բազմաշահառու կառավարում՝ արհեստական բանականությունը, տվյալների պաշտպանությունը և թվային վստահությունն» է։ Այն անդրադառնում է հենց վերոնշյալ այս խնդիրներին։