Սյունիքի մարզի 21 բնակավայրերի 24 գրադարաններ այսուհետ հնարավորություն ունեն իրենց ավանդական գործունեությանը զուգահեռ ստանձնել նաև ինտերնետ հասանելիության և թվային հմտությունների զարգացման կենտրոնների գործառույթ։ Դրանցից որոշներն առաջին անգամ են ստացել ինտերնետ հասանելիություն։
Սա նախորդ տարի հոկտեմբերի 11-ին Գորիսում մեկնարկած «Գրադարանների թվային զարգացում և ինտերնետ հասանելիության կենտրոններ համայնքներում» մեկամյա ծրագրի արդյունքն է։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, նախաձեռնելով ծրագիրը, որպես կարևոր բաղադրիչ դիտարկել է տեխնիկական միջոցների տրամադրումը։
Գրադարանները համալրվել են համակարգիչներով և Wi-Fi սարքերով, ապահովվել են վեցից մեկ տարով ինտերնետ հասանելիությամբ։ Միաժամանակ ներդրվել է գրադարանների թվային կառավարման համակարգ, իսկ աշխատակիցների համար կազմակերպվել են համապատասխան առկա և առցանց դասընթացներ։
«Այսչափ արհեստավարժ մասնագիտական համայնքի ներուժն օգտագործելու հնարավորությունները չընդլայնելն անփութություն կլիներ։ Այդ պատճառով էլ, համագործակցելով տարբեր գործընկերների հետ, արդեն տարիներ աշխատում ենք մարզերի գրադարանները տեխնիկապես վերազինելու և տեխնոլոգիաներին տիրապետելու աշխատակազմի հմտությունները զարգացնելու ուղղությամբ»,- ընդգծեց ԻՀՀՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։
Սարքավորումների տեղադրմանը հաջորդած դասընթացներում կարևորվել է դրանց արդյունավետ օգտագործման հմտությունների ձևավորումը՝ գործնական աջակցությամբ։
Աշխատանքի արդյունավետությունը ծրագրի համակարգող, ԻՀՀՀ ՀԿ խորհրդի անդամ Տիգրան Զարգարյանի կարծիքով՝ բացատրվում է նաև գրադարանների աշխատակիցների պատրաստակամությամբ. «Երկուստեք աշխատում ենք ժամանակի պահանջներին համապատասխան գործել։ Գրադարանների ահռելի ժառանգությունը հասանելի դարձնելու համար այդ կառույցները բազմաշետ գործունեության հնարավորություն պետք է ուենան»։
Հայաստանի 6 մարզերի և մայրաքաղաքի շուրջ 35 գրադարաններում իրականացված համանման ծրագրի արդյունքները Վանաձորի և Սպիտակի երեք գրադարաններում գնահատելով, միջազգային գործընկերները, մասնավորապես՝ Ինտերնետ հասարակության հիմնադրամի (Internet Society Foundation` ISF) ներկայացուցիչները համարել են որոշակի սոցիալական խնդիրներ կանխելու նախադեպային օրինակ։
Գրադարանը դիտարկելով նաև որպես համայնքի թվային կյանքի մաս՝ «Ինտերնետ հասարկության Հայաստան հատված» ՀԿ-ն մյուս մարզերում ծրագրում է համանման նախագծեր։