«Իրերի համացանց» (Internet of Things) ծրագրի ամփոփումը՝ դեռահասների Smart լուծումների հաքաթոնով

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաները գործնականում» ծրագրի շրջանակում դեռահասների ստեղծած խելացի (Smart) նախատիպերը ներկայացնելու նպատակով՝ օրերս ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպվել էր հանդիպում եւ առցանց-հաքաթոն։

Սա ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հկ-ի համագործակցությամբ եւ Ռուսաստանի դաշնության ֆինանսական աջակցությամբ իրականացված «Իրերի համացանց» (Internet of Things) երկամսյա դասընթացի արդյունքների ներկայացումն ու ամփոփումն էր։

Ծրագիրն իրականացնողներից եւ հրավիրյալներից զատ, հանդիպմանը առցանց միացել էին դասընթացն անցած երեք մարզերի եւ մայրաքաղաքի  ներկայացուցիչները։ Դասընթացում ձեռք բերած գիտելիքն ու հմտությունը ներկայացնելու համար հայտարարվեց հաքաթոնի մեկնարկը։ Հանձնարարությունը՝ գտնել լուծումներ ջերմոցային ֆունկցաների կարգավորման համար, ստեղծել նախատիպ։ Չորս խմբերի բաժանված մասնակիցները սկսեցին աշխատանքը նախագծի վրա, իսկ հանդիպման մասնակիցները փուլ առ փուլ ներկայացնում էին ծրագրի արդյունքները, այդ թվում նաեւ «Անահիտ» հայախոս ձայնային օգնականը։

«Իրերի համացանց» (Internet of Things) երկամսյա դասընթացներին չորս՝ Կոտայքի, Շիրակի, Լոռիի եւ Սյունիքի մարզում եւ Երեւանում մասնակցել է 80 դեռահաս, նրանցից 12-ը՝ հատուկ կարիքներով։ Այս ծրագրի կարեւոր նպատակներից մեկը հենց վերջիններիս ներգրավումն էր։ Դեռահասները սովորել են Smart լուծումներ գտնել դպրոցի զանգի, այգու խնամքի եւ փողոցի լուսավորության կարգավորման համար։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակներից մեկն է դեռահասներին, երիտասարդներին զինել ժամանակակից տեխնոլոգիաների հմտություններով, թվային գրագիտությամբ։ Ուրախ ենք արձանագրել, որ ունենք հաջողություններ նաեւ հատուկ  կարիքներով անձանց ներգրավելու առումով։ Եթե ուզում ենք, որ մեր սերունդներն իրենց ներդրումն ունենան մեր հասարկության զարգացման մեջ ու ապագայի մասնագիտություններում, մենք նրանց պետք է կրթենք այս ուղղությամբ։ Շատ ուրախ ենք «Ինտերնետ հանրություն Հայաստան հատված»-ի  հետ համագործակցության համար, քանի որ խորացրեցինք մեր գիտելիքն այս ոլորտում ու հասկացանք, թե ինչ հնարավորություններ կան աշխարհում այսօր եւ կրթության ուղղություններ կարող ենք զարգացնել»,- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։

«Հայաստանի զարգացումը կապված է ՏՏ-ի զարգացման հետ. մենք բնական պաշարներ չունենք։ Ու այս ծրագիրը մի փոքր քայլ էր այդ ուղղությամբ, քանի որ հնարավորություն ստեղծեց դեռահասության տարիքից կրթել մեր երեխաներին նաեւ մարզերում։ Ուրախ ենք նման համագործակցության համար։ Ոգեւրիչ է այն, որ այսօր արդեն քաղում ենք մեր դասընթացի առաջին արդյունքները։ Երեխաները կներկայացնեն իրենց մշակումները»,- ասաց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հկ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը։

Հաքաթոնի աշխատանքներն ամփոփելու եւ մասնակից թիմերին խրախուսելու համար ՄԱԿ-ի գրասենյակում օրերս կկազմակերպվի եւս մեկ հանդիպում։