Հայաստանն ինտերնետի կառավարման բազմաշահառու մոդելի կողմնակից է. Ալեքսեյ Սանդիկով

Հայաստանի թվային խնդիրներն ու մարտահրավերները ճշգրիտ գնահատելու եւ արագ ու արդյունավետ լուծումներ առաջադրելու նպատակով՝ ՀՀ վարչապետին կից շուտով կստեղծվի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ։

Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովում (ArmIGF 2023) ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ հստակեցրել. «Խորհրդում ներգրավված կլինեն համաշխարահային մակարդակի գինտնականներ, փորձագետներ, ձեռներեցներ։ Ամենաբարձր մակարդակով կուսումնասիրվի պետության զարգացման համար կիրառելի փորձը, արագ արձագանքմամբ կառաջադրվեն լուծումներ»։

Ինտերնետ կառավարման գործընթացներում Հայաստանը մնում է ներկայիս՝ բազմաշահառու, միասնական մոդելի  կողմնակից եւ այդ մասին կբարձրաձայնի հաջորդ տարի կայանալիք Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովում (WSIS+20), որտեղ վերանայվելու են ինտերնետի կառավարման սկզբունքները։

ArmIGF 2023-ում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի անդամ Ալեքսեյ Սանդիկովը։

«Ունենք ինտերնետի բազմաշահառու կառավարման հաջողված մոդել՝ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խումբը, որտեղ ներկայացված են օրենսդիր, գործադիր իշխանությունները, տեխնոլոգիական, հասարակական կազմակերպությունները։ Այս մոդելը կարող է կիրառելի լինել նաեւ տարածաշրջանային մակարդակում»,- նշել է Սանդիկովը։

Նրա կարծիքով՝ այդ կերպ առավել արագ կլուծվի բոլոր երկրների բոլոր բնակավայարերում ինտերնետի հասանելիության խնդիրը, որը գերկարեւորություն է ստացել հատկապես համավարակի եւ ապա Ուկրաինայի ու Արցախի արդեն նաեւ Գազայի պատերազմների համատեքստում։