«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ի «Թվային հմտությունների զարգացում խոցելի խմբերի համար» ծրագիրը ներառվել է գլոբալ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հունիս ամսվա Community Snapshot ամփոփագրում՝ որպես աշխարհի տարբեր համայնքներում իրականացված լավագույն նախաձեռնություններից մեկը։
Գլոբալ ISOC-ը ներկայացրել է Internet Society Foundation-ի ֆինանսավորմամբ իրականացված Հայաստանի ծրագիրը, որի շրջանակում 60+ տարիքի քաղաքացիները տեղեկացել են համացանցից անվտանգ օգտվելու, կիբեռանվտանգության, առցանց ծառայությունների, սմարթֆոնների և արհեստական բանականության գործիքների կիրառման հիմունքներին։ Որպես ծրագրի արդյունավետության օրինակ՝ Internet Society-ն անդրադարձել է նաև 83-ամյա մանկավարժ Սեդա Մարգարյանի փորձին՝ նշելով, որ դասընթացից հետո նա համացանցում իրեն զգում է ավելի վստահ և ինքնուրույն։ Հոդվածում ընդգծվում է նաև, որ «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ն նման նախաձեռնությունների միջոցով արդեն աջակցել է ավելի քան 150 ավագ տարիքի մարդու՝ զարգացնելու իրենց թվային հմտությունները։
Հունիսյան ամփոփագրում ներկայացված է նաև Մալիի Internet Society հատվածի նախաձեռնությունը, որի շրջանակում 150 աղջիկ և երիտասարդ կին մասնակցել է համակարգչային ցանցերի նախագծման և տեղակայման առցանց դասընթացին, իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերած 60 մասնակիցներն անցել են գործնական ուսուցման փուլ։
Մոնղոլիայի Internet Society հատվածի ծրագիրը, որն ուղղված է հանրակրթական դպրոցների ինտերնետային կապի բարելավմանը։ «Ուսուցանել ուսուցանողներին» սկզբունքով իրականացվող նախաձեռնության առաջին փուլում վերապատրաստվել են 30 ուսուցիչ և կազմակերպության 6 անդամ, որոնք հետագայում իրենց գիտելիքները կփոխանցեն գործընկերներին՝ նպաստելով դպրոցներում կայուն և որակյալ ինտերնետային ենթակառուցվածքների զարգացմանը։
Internet Society-ի հրապարակումն ընդգծում է, որ Հայաստանի, Մալիի և Մոնղոլիայի նախաձեռնությունները, թեև տարբեր ուղղվածություն ունեն, բայց միավորված են մեկ ընդհանուր նպատակով՝ ապահովել ավելի անվտանգ, հասանելի և ներառական ինտերնետ բոլորի համար։