Աշխարհը հոկտեմբերի 1-ը նշում է որպես Տարեցների միջազգային օր՝ կարևորելով ավագ սերնդի խնդիրների բարձրաձայնման, նրանց հանդեպ հատուկ հոգածության անհրաժեշտությունը։
«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» և «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ները միանալով և շնորհավորելով այս օրը, ևս մեկ անգամ փաստում են, որ ավագ սերունդը մշտապես եղել և մնում է կազմակերպությունների գործունեության առանցքում։
Տարեցների թվային գրագիտությանն ու անվտանգությանն ուղղված մեր ծրագրերը, որոնք իրականացրել ենք նախորդ տարիներին, ինչպես նաև ընթացիկ տարում, շարունակական են լինելու։
Տեխնոլոգիաների սրընթաց փոփոխությունների մեր ժամանակաշրջանում ավագ սերնդի գիտելիքը, փորձը, հասարակական ներուժը լիարժեք դրսևորելու ամենաուղիղ ճանապարհը համացանցից և խելացի սարքերից օգտվելու նրանց հմտությունները զարգացնելն է։
60+ տարիքի հարյուրավոր անձինք մեր նախաձեռնությունների շնորհիվ սովորել են ավելի ինքնուրույն և անվտանգ օգտվել համացանցից, սմարթֆոններից և առցանց ծառայություններից, պաշտպանել անձնական տվյալները, օգտվել հաղորդակցման հարթակներից, առցանց վճարումներ անել և առօրյան հեշտացնել AI գործիքներով։
Կրկին շնորհավորում ենք, թող իրենց երկարակյացությամբ ուրախացնեն ժառանգներին, և յուրաքանչյուր նոր տեխնոլոգիա լինի սերունդներն իրար կապող ևս մեկ հնարավորություն, իսկ սովորելու, բացահայտելու և նորը փորձելու ցանկությունը մնա գնահատված արժեք՝ տարիքից անկախ։