Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությունը պետք է հաշվի առնել դեռևս համակարգերի նախագծման փուլում

Հայաստանի կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությունը պահանջում է ոչ միայն տեխնիկական լուծումներ, այլև պետական ու մասնավոր կառույցների հստակ պատասխանատվություն, համագործակցություն և կիբեռռիսկերի մշտադիտարկում։ Այս հարցերին անդրադարձել են ArmIGF2026 համաժողովի «Կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներ․ կիբեռանվտանգությունից մինչև ազգային դիմակայունություն» թեմատիկ քննարկմանը։

Այն վարել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ, «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի քարտուղար Քրիստինա Հակոբյանը։ Մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «Թիմ տելեկոմ Արմենիա» ընկերության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները։

ՀՀ ԲՏԱ և ԱԲ նախարարության ներկայացուցիչ Հայկ Ոսկանյանի խոսքով՝ կիբեռանվտանգության մասին օրենքը, որն ընդունվել է նախորդ տարվա վերջին և ուժի մեջ մտել 2026-ին, սահմանում է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության ընդհանուր շրջանակը և պատասխանատվությունների բաշխումը։ Խաղաղ ժամանակ դրանց մշտադիտարկման և միջադեպերին արձագանքման պատասխանատուն Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն է, իսկ արտակարգ և պատերազմական իրավիճակներում այդ գործառույթները փոխանցվում են նախարարությանը։ Առաջիկա կարևոր խնդիրներից է նաև հստակ չափանիշներով որոշել, թե որ համակարգերն են համարվում կրիտիկական։

Ոսկանյանն անդրադարձել է նաև կիբեռանվտանգության միջադեպերի դիտարկման կենտրոնի (incident observatory) մոտեցումներին՝ Ճապոնիայի օրինակով։ ԱԲ կիրառմամբ նման կենտրոններում գրանցվում և մշտադիտարկվում են խոշոր կիբեռմիջադեպերը՝ դրանց մասին տեղեկատվության փոխանակումն ու արձագանքումն արագացնելու նպատակով։ Բանախոսը շեշտել է, որ կիբեռսպառնալիքների դեմ պայքարում միջազգային համագործակցությունն անհրաժեշտ է, քանի որ առանձին երկրներն այլևս չեն կարող միայնակ լուծել բոլոր խնդիրները։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունից Շանթ Քասարդջյանն ասել է, որ գործակալությունն աշխատում է յուրաքանչյուր կազմակերպության համար ռիսկերի նկարագիր կազմելու ուղղությամբ՝ բացահայտելով դրա կախվածությունը օպերատորներից, ծառայություններից և այլ համակարգերից։ Կարևոր են նաև պահուստային լուծումները, այլընտրանքային ինտերնետային կապերը, դրանց պարբերական փորձարկումը և ծառայությունների շարունակականության ապահովումը։ Անվտանգությունը պետք է հաշվի առնել դեռևս համակարգերի նախագծման և ներդրման փուլում, ոչ թե միայն խափանումից հետո։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանն ընդգծել է պետական և մասնավոր հատվածների համագործակցության անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ օրենքի ընդունումը կարևոր քայլ է, սակայն դրա արդյունավետությունը կախված է նաև ենթաօրենսդրական ակտերի մշակումից, գործառույթների հստակեցումից և գործնական կիրարկումից։ Կարգավորող մարմնի մոտեցումը պետք է առաջին հերթին լինի կանխարգելիչ՝ նպաստելով օպերատորների պատրաստվածության բարձրացմանը և ծառայությունների շարունակականությանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև կիբեռմիջադեպերի հայտնաբերման և դրանց հետևանքները սահմանափակելու ժամանակին։ Միջազգային փորձին անդրադարձ անելով, օրինակ են բերվել IBM-ի տվյալների արտահոսքի տարեկան հետազոտության արդյունքները․ 2024-ին նման միջադեպերի հայտնաբերման միջին ժամանակը կազմել է 194 օր, իսկ վերահսկողության տակ վերցնելունը՝ ևս 64 օր։ 2025-ին այդ ցուցանիշները նվազել են համապատասխանաբար մինչև 181 և 60 օր։

Քննարկվել է նաև կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների և պետական կառույցների աշխատակիցների կարողությունների զարգացման հարցը։ Ըստ ներկայացված տեղեկության՝ կառավարության ծրագրով առաջիկա վեց տարիներին նախատեսվում է բարձրացնել հանրության և պետական համակարգի աշխատակիցների կիբեռանվտանգության գիտելիքները։ 2027–2031-ին նախատեսվում են կիբեռանվտանգության գործնական վարժանքներ, այդ թվում՝ Capture the Flag ձևաչափով ուսումնական առաջադրանքներ։ Բացի այդ, նախատեսվում է տարեկան երկու ազգային վարժանք կազմակերպել կրիտիկական ենթակառուցվածքների տարբեր ոլորտների համար՝ էներգետիկայից և տրանսպորտից մինչև պետական համակարգ։

Արժույթի միջազգային հիմնադրամի կիբեռանվտանգության փորձագետ Կոմիտաս Ստեփանյանը կարևորել է կիբեռանվտանգության կրթությունը դեռևս դպրոցական տարիքից։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ թվային անվտանգության տարրական գիտելիքները դառնան կրթության բնականոն մասը, իսկ մասնագիտական կարողությունների զարգացման համար շարունակվեն նաև գործնական և հասանելի ուսումնական ծրագրերը։

Քննարկման ավարտին Հայկ Ոսկանյանն անդրադարձել է նաև պետական համակարգում և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներ շահագործող կազմակերպություններում ԱԲ անվտանգ կիրառմանը։ Նրա խոսքով՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսվում է մշակել համապատասխան ուղեցույց՝ սահմանելով, թե ինչպես կարելի է և ինչպես չի կարելի կիրառել ԱԲ գործիքները։ Որպես երկարաժամկետ մոտեցում՝ ներկայացվել է նաև պետական համակարգի համար ԱԲ միջավայրի միասնական կառավարման գաղափարը, որը կապահովի կիրառությունների հետագծելիությունը և պետական տեղեկությունների բազայի հիման վրա պատասխանների ձևավորումը։

Կրիտիկական ենթակառուցվածքների դիմակայունությունը կախված է ոչ միայն օրենքների և տեխնոլոգիաների առկայությունից, այլև դրանց գործնական կիրառումից, հստակ պատասխանատվությունից և կառույցների համակարգված համագործակցությունից։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
ԱԲ համակարգերը պետք է լինեն թափանցիկ, բացատրելի և տվյալների որակին համապատասխան
Գլխավոր_result
Արհեստական բանականությունից մինչև թվային վստահություն․ քննարկվել են ինտերնետի զարգացման մարտահրավերները
ArmIGF պատմություն_result
Ինտերնետի ապագան՝ համագործակցության միջոցով․ IGF-ը միավորում է բոլորին
6F424482-5FD8-4C19-8D53-0986BCF02418_result
Բազմաշահառու կառավարում․ ովքեր և ինչպես են որոշում ինտերնետի ապագան
9C7C472F-0B7D-496C-A467-E20BB5B482D3_result
Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ
Էլեկտրամատակարարում_20261028_155359_0000_result
Կրիտիկական ենթակառուցվածքներ. համակարգերի դիմակայությունն ու ազգային անվտանգությունը
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Subscribe for our newsletter.