Հրազդանում ավարտվել է 14-18 տարեկանների համար նախատեսված «Իրերի համացանց» երկամսյա դասընթացը։ Մասնակիցնեին շնորհվել են ավարտական վկայականներ։
«Տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը պարտադրում է շարունակաբար գիտելիք ձեռք բերել։ Մեր կազմակերպությունը փորձում է նպաստել այդ գործընթացին։ Ոչ ֆորմալ կրթությունն այդ տեսանկյունից կարևոր բաղադրիչ է։ Ուրախ ենք, որ «Իրերի համացանց» դասընթացն անցան ևս 16 երիտասարդներ։ Հուսամ՝ ստացած գիտելիքը կկիրառվի կյանքում»,- ասել է ԻՀՀՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։
Կոտայքի մարզի տարբեր դպրոցների աշակերտների էր մեկտեղել դասընթացը, որը մասնակիցների կարծիքով՝ օգտակար է, հասկանալի, հագեցած։
«Իրերի համացանց» դասընթացում ձեռք բերեցի նոր գիտելիք։ Վստահ եմ՝ ծրագրավորման մասին սովորածս որևէ փուլում կիրառելու առիթ կունենամ»,- մանրամասնել է Լիլիթ Մարտիրոսյանը։
Արթուր Ամյանը կարծում է, որ ինքն ու ընկերները ստացել են արդիական գիտելիք՝ դասավանդման ժամանակակից մեթոդիկայով․ «Ամենամեծ ձեռքբերումը ոչ ստանդարտ մտածելակերպի զարգացումն էր։ Շնորհակալ եմ դասախոսներին, վստահ եմ՝ սովորածս հետագայում պետք է գալու»։
«Իրերի համացանց» դասընթացն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» և «Smart City» ՀԿ-ների հետ համագործակցությամբ։ Ուսուցումն ընթանում է տեսական ու գործնական մեթոդների համադրմամբ։ Սովորեցնում են նախագծել Smart սարքեր, միանալ ամպային սերվերներին, կարգավորել դրանք, կառավարել համացանցի միջոցով։ Դասընթացն արդեն կազմակերպվել է Երևանում, Կոտայքի, Լուռու, Սյունիքի մարզերում, նախատեսվում է նաև Շիրակում։