ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի և «Smart City» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, սկսել է իրականացնել «Իրերի համացանցը» երկամսյա դասընթացը։
Այն 14-18 տարեկանների համար է, մասնակիցները սովորում են ստեղծել եւ կիրառել խելացի տարբեր սարքավորումներ։ Ուսուցումն ընթանում է տեսական ու գործնական մեթոդների համադրմամբ։ Դասընթացն արդեն կազմակերպվել է Երևանում եւ Լոռու մարզում, նախատեսվում է նաև՝ Կոտայքում, Շիրակում եւ Սյունիքում։
«Մեր նպատակը դեռահասներին իրենց Smart գաղափարները կյանքի կոչելու համար գիտելիք տալն է։ Տիրապետելով ծրագրավորման հիմունքներին՝ նրանք կկարողանան նաև նախագծել եւ ստեղծել խելացի սարքեր»,- նշում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» կազմակերպության խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։
«Իրերի համացանցում» սովորեցնում են նախագծել Smart սարքավորումներ, միանալ ամպային սերվերներին, կարգավորել դրանք, կառավարել խելացի սարքավորումները համացանցի միջոցով։
«Եկա ծրագրավորման դասերին, որ ստեղծեմ հեռավար վիրահատությունների սարքեր ու խելացի պրոթեզներ»,- ասում է դասընթացի մասնակից Սամվել Աջիզյանը։
«Իրերի համացանցը» ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Տեխնոլոգիան հանուն զարգացման» նախաձեռնություններից մեկն է, որը նպատակ ունի դեռահասներին, ներառյալ հաշմանդամություն ունեցող, զինել «21-րդ դարի» հմտություններով «խելացի» ինֆորմացիոն տեխնոլոգիական լուծումների մասին և խթանել նրանց նպատակային մասնակցությունը տեղեկատվությունը հասանելի դարձնելու գործընթացում՝ դրանով իսկ նպաստելով թվային անջրպետի հաղթահարմանը», նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կրթական ծրագրի համակարգող տկն Հասմիկ Առաքելյանը:
«Smart City» ՀԿ նախագահ Կարեն Երզնկանյանն էլ նշում է. «Իհարկե, ակնկալում ենք գործնական արդյունք։ Մասնակիցների առջև խնդիր ենք դրել Կույրերի մշակույթի տանը ստեղծել խելացի սենյակ՝ գործարկելով ձայնային օգնականներ, և ծրագրի ավարտին մենք կունենանք դա»։
Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության եվ ներառական զարգացման համար» ծրագրի շրջանակներում: