Թվայնացումը Հայաստանի հաստատուն զարգացման հեռանկարն է. Վահան Հովսեփյան

«Արտահանման սահմանափակ ուղիներ ունեցող երկրի համար ինտերնետն անսահման հնարավորություններ է ստեղծում։ Մեր երկրում դեռեւս լիովին չի ռեալիզացվում այդ հնարավորությունը։  Մինչդեռ թվայնացումը Հայաստանի հաստատուն զարգացման հեռանկարն է։»,- Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովում ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Վահան Հովսեփյանը։

Հայաստանը թվային տնտեսության ուղով տանելու գործընթացն իրականցվում է կառավարության հնգամյա ծրագրի շրջանակում՝ թվային ռազմավարության սահմանած կոնկրետ քայլերով։

«Թվային արդիական միջավայրի ստեծման համար, միջազգային փորձի ուսումնասիրմամբ, մշակվել են ուղեցույց եւ հանրային, թվային ծառությունների ստեղծման չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի յուրաքանչյուր նոր ծառայություն»,- համաժողովի մասնակիցներին տեղեկացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի փաստմամբ՝ թվայնացման գործընթացում պետական կառույցները, այդ թվում նաեւ ԱԺ-ը, որակը գերադասում են ժամանակացույցից՝ առավել անվտանգ, մատչելի եւ միասնական նույնականացման միջավայր ստեղծելու նպատակ ունենալով։

Այդ խնդիրների լուծման գործառույթները ստանձնել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը, որի տնօրեն Ներսես Երիցյանի հավաստմամբ հաջորդ տարի նախատեսում են ավարտել անձի էլեկտրոնային նույնականացման գործընթացը եւ ներդնել «Ես եմ» հավելվածը, ինչը կհեշտացնի առցանց ծառայություններից օգտվելը։