Թվային տեխնոլոգիաները կարո՞ղ են ամբողջությամբ փոխարինել Բրայլյան համակարգին, թե՞ այն կմնա տեսողական խնդիրներ ունեցող անձանց կրթության և գրագիտության ապահովման առանցքային գործիքը։
«Չտեսնված» փոդքասթի երրորդ էպիզոդում այս հարցի պատասխանը գտնելու փորձ են արել դիպլոմանկավարժ Ալլա Սահակյանը և Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտ Սենիկ Մուրադյանը։
Զրուցակիցները փաստել են, որ տեխնոլոգիաներն այսօր լայնորեն կիրառվում են տեսողական խնդիրներ ունեցող անձանց կենցաղում և ուսման գործընթացում։ Ունեն զգալի արդյունավետություն, սակայն դեռևս երկար չեն փոխարինի Բրայլյան համակարգին։
«Կարդալով նյութն ավելի արագ ես ընկալում և հիմնավոր մտապահում։ Լսելու արդյունավետությունը չեմ ժխտում, ի դեպ ինձ համար երկուսն էլ հասանելի են, բայց տառաճանաչությունը, գրագիտությունը, այլ մակարդակի մասին են խոսում»,- նշել է Սենիկ Մուրադյանը։
Նրա կարծիքով, կարևոր է նախ տարրական դասարաններում Բրայլով գրել և կարդալ սովորելը, ապա միայն լայնորեն կիրառել թվային գործիքները. «Տառաճանաչությունը հիմնավոր սովորելու հնարավորություններ է տալիս, իսկ հետագայում՝ տարրականից բարձր դասարաններում արդեն կարելի է առաջնորդվել յուրաքանչյուր աշակերտի անհատական արդյունավետությամբ և ուսուցչի խորհրդով»։
«Չտեսնված»-ի երրորդ էպիզոդն անդրադառնում է նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին՝ screen reader-ներին, աուդիոգրքերին, թվային Բրայլ սարքերին և նորարարական ուսուցման մեթոդներին։ Ի վերջո արձանագրվում է, որ տեխնոլոգիաները կարող են հզոր աջակցող գործիք լինել, սակայն գրագիտության հիմքը շարունակում է մնալ ընթերցանությունն ու գրավոր հաղորդակցությունը։
«Չտեսնված» փոդքասթը ստեղծվում է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ համագործակցությամբ Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան հետ և փոդքասթեր Քրիստիան Գինոսյանի համակարգմամբ։ Նախագիծը նպատակ ունի զարգացնել տեսողական խնդիրներ ունեցող անձանց մեդիա հմտությունները և ստեղծել հարթակ, որտեղ համայնքի ներկայացուցիչները կարող են ինքնուրույն խոսել իրենց խնդիրների, փորձի և ձեռքբերումների մասին։
Նախաձեռնությունն իրականացվում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի շարունակական համագործակցության շրջանակում։ Այս աշխատանքի կարևոր փուլերից մեկը 2024 թվականին «Մենք» ինտերնետային ռադիոյի ձայնագրման ստուդիայի տեխնիկական վերազինումն էր, որն իրականացվեց Հեռահաղորդակցության միջազգային միության՝ ITU-ի աջակցությամբ։
«Չտեսնված» փոդքասթի նախորդ էպիզոդը կարող եք լսել այս հղումով։